Մոսկվայում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առաջինն իրենց մրցելույթներն ավարտեցին հունա-հռոմեական ոճի ըմբիշները: Անվիճելիորեն պիտի բարձր գնահատել մեր մարզիկների մրցելույթը, ովքեր թիմային հաշվարկում հավաքած 26 միավորով Ադրբեջանի ընտրանու հետ կիսեցին 3-4-րդ տեղերը` առաջ թողնելով միայն մրցաձևում մեծ հեղինակություն ունեցող Ռուսաստանի ու Թուրքիայի հավաքականներին:
Գերազանց մեկնարկեց Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի տարբեր տարիների չեմպիոն, եռակի փոխչեմպիոն, մինչև 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոման Ամոյանը, ով միակ վրիպումն ունեցավ կիսաեզրափակիչում` աշխարհի քառակի և Ասիայի եռակի չեմպիոն, իրանցի զորեղ ըմբիշ Համիդ Մոհամադ Սորիայի հետ գոտեմարտում: Միջանկյալ ասենք, որ նրանք իրար հետ մրցակցել են նաև նախորդ տարվա աշխարհի առաջնությունում, այն տարբերությամբ, որ այն ժամանակ հանդիպումը եզրափակիչում էր և դարձյալ մեզ համար ոչ ցանկալի ելքով: ՈՒրախությամբ պիտի նշել, որ իրանցուց կրած պարտությունը չընկճեց մեր ըմբիշին, ու բրոնզե մեդալի համար պայքարում Ռոմանը հույսի ոչ մի նշույլ չթողեց բուլղարացի Վեսելին Վենկովին:
Նույն օրը հայ մարզասերը ուրախանալու ևս մեկ առիթ ունեցավ: ՈՒկրաինայի դրոշի տակ հանդես եկող, օլիմպիական վերջին խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն Արմեն Վարդանյանը զիջեց միայն Ռուսաստանի ներկայացուցիչ Ամբակո Վաչաձեին: Բարեբախտաբար, հանդիպումը եզրափակիչում էր, ինչն էլ 28-ամյա հայազգի մարզիկին հնարավորություն տվեց տիրանալու արծաթե մեդալի: Այսպիսով, Արմեն Վարդանյանը դարձավ աշխարհի կրկնակի փոխչեմպիոն:
Մրցումների հաջորդ օրը մենք լուրջ ակնկալիքներ ունեինք մեր հավաքականի արդեն հնաբնակ, անվանի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն (վերջին երկուսն արդեն Հայաստանի հավաքականի կազմում, ինչպես` օլիմպիական մեդալի պարագայում) գերծանր քաշային Յուրի Պատրիկեևից, ով գերազանց մարզավիճակում էր և պիտի որ կարողանար իր շատ ավելի բարձր կարգը հաստատել Մոսկվայում: Եզրափակիչում մեր հսկայի հակառակորդը կուբացի Լոպեսն էր, մարզիկ, ով վերջին չորս տարում չգիտի` ինչ բան է պարտությունը: Առաջ անցնելով նշենք, որ դա հիրավի երկու հսկաների մրցակցություն էր: Պատրիկեևն ամեն ինչ արեց հաղթելու համար, սակայն կուբացին ավելի զորեղ գտնվեց: Ինչևէ, անկախ ամեն ինչից, սա Յուրայի համար աշխարհի առաջնությունում ունեցած ամենամեծ նվաճումն է:
Մրցումների երրորդ օրը մեր ընտրանին դիմավորեց ակտիվում մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ ունենալով, և հույս կար, որ հայկական ըմբշամարտի ծագող աստղը` Արսեն Ջուլֆալակյանը (մինչև 74 կգ քաշային կարգ), կընդմիջի մեզ համար արդեն տևական ընթացք ունեցող տխուր ավանդույթն ու Հայաստան կբերի աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը: Մեր լավատեսությունն ամուր հիմքեր ուներ, և չենք կարծում, որ մարզասերը հասցրել է մոռանալ Արսենի փայլուն ելույթը Եվրոպայի անցած տարվա առաջնությունում: Ասել, թե թուրք մարզիկի հետ եզրափակիչ պայքարը դրամատիկ ընթացք ունեցավ, կնշանակի գրեթե ոչինչ չասել: Սելջուկ Կեբին, որ պինդ «ընկույզ» էր, ընտրել էր պաշտպանվելու մարտավարություն` այդպես էլ հարմար ուրիշ բան չգտնելով հակադրելու իր երիտասարդ մրցակցի կատաղի գրոհներին: Որքան էլ ցավալի է, նրա մարտավարությունն արդարացրեց իրեն, և, ըստ էության, ոչինչ չանելով, թուրք ըմբիշը հռչակվեց աշխարհի չեմպիոն (մրցավարական գործող կարգը հնարավորություն է տալիս հաղթելու նաև այսպես` ի հաշիվ տեխնիկական միավորների): Բոլոր դեպքերում շնորհավորենք մեր ըմբիշին աշխարհի փոխչեմպիոն հռչակվելու կապակցությամբ և հուսանք, որ աշխարհի առաջիկա առաջնությունների ու օլիմպիական խաղերի ոսկին նրանն է լինելու: Շնորհավորենք նաև հավաքականի մարզչական կազմին` հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, որը հնարավոր ամեն ինչ արել էր` մեր մարզիկների հաջող ելույթն ապահովելու համար։ Հուսանք, որ հաջորդ մրցաշարերում հավաքականը ներկայացնող մյուս տղաներն էլ ուրախանալու առիթներ կտան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ